հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սյունիքում աշխատելու մասով ԱԱԾ-ի պահանջը չունի որևէ իրավական հիմք. Իոաննիսյան

Սյունիքում աշխատելու մասով ԱԱԾ-ի պահանջը չունի որևէ իրավական հիմք. Իոաննիսյան

Սյունիքում աշխատելու մասով ԱԱԾ-ի պահանջը չունի որևէ իրավական հիմք: Այս մասին, դիմելով լրագրողներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հարգելի լրագրողներ, Սյունիքում աշխատելու մասով ԱԱԾ-ի պահանջը չունի որևէ իրավական հիմք.
 
ԱԱԾ Սահմանապահ զորքերն այսօր հայտարարել են, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում աշխատելու համար լրագրողներին «անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը»:
 
ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը: Այդ իրավունքները կարող են սահմանափակվել միմիայն օրենքով՝ սահմանադրությամբ թվարկված նպատակների համար:
 
Որևէ օրենքով նախատեսված չէ, որ սահմանամերձ համայնքներում լրագրողների աշխատանքի համար պետք է ԱԱԾ-ից թույլտվություն ստանալ: Նման բան կարող էր սահմանված լինել ռազմական դրություն հայտարարելու մասին որոշմամբ, բայց համապատասխան կետը (Ազգային Ժողովի որոշմամբ) դեկտեմբերի 2-ին ուժը կորցրել է:
 
Միաժամանակ, բացի մայր օրենքից, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ արգելում է`
 
1) գրաքննությունը.
 
2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.
 
3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը...
Այսինքն՝ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում լրագրողների կողմից նյութեր պատրաստելն օրինական է և ԱԱԾ-ի կողմից չի կարող արգելվել կամ խոչընդոտվել:
Հիշեցնում եմ նաև, որ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը ևս մեկ անգամ արգելում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումը ու պատասխանատվություն սահմանում դրա համար:
 
Հետևապես, եթե որևէ մեկը (այդ թվում՝ սահմանապահ զորքերից) ապօրինի խոչընդոտի լրագրողների աշխատանքը, ապա դա կպարունակի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով արգելված արարքի հատկանիշներ:
 
Եթե պետական անվտանգության նպատակով առաջացել է որոշ տարածքներում լրագրողների գործունեության սահմանափակման օբեկտիվ անհրաժեշտություն, ապա ռազմական դրության ժամանակ դա կարող է անել կառավարությունը՝ հստակ սահմանելով իրավունքի սահմանափակման ծավալներն ու հարակից կարգերը:
 
Հ.Գ. ԱԱԾ-ին հորդորում եմ իր վրա չվերցնել այն գործառույթները, որոնք Սահմանադրությամբ վերապահված են օրենսդիր մարմնին՛՛:
 
Հիշեցնենք, որ լրագրողները Սյունիքի սահմաններին թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը:

 

  • Կիսվել: