շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Սյունիքից բերման է ենթարկվել 2-3 մարդ. Փոխոստիկանապետ

Սյունիքից բերման է ենթարկվել 2-3 մարդ. Փոխոստիկանապետ

Սյունիքից բերման է ենթարկվել 2-3 մարդ. միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել, դա ակնհայտ ապատեղեկատվություն է։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նա նշեց, որ առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ։ Խոսելով Մեղրիի քաղաքապետի մասին՝ Ֆիդանյանն ընդգծեց, որ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականացվում են միջոցառումներ:

«Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից», - ասաց նա:

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Շուռնուխի գյուղապետի հիվանդ եղբորը ևս բերման են ենթարկել, Ֆիդանյանը նշեց.

«Այս պահի դրությամբ տեղեկություն չունեմ, թե հստակ որ անձի նկատմամբ ինչ գործողություններ են իրականացվել»։

Հարցին՝ արդյոք վարչապետի կողմից Սյունիքի մարզպետարանում ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հանձնարական տալը ճնշում չէ քաղաքական ղեկավարության կողմից՝ նա պատասխանեց.

«Եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա միանշանակ է, որ իրավապահ մարմինները ձեռնարկեն համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ տվյալ առերևույթ կատարված հանցագործության դեպքը բացահայտելու և հետագայում կանխարգելելու համար»։

  • Կիսվել: