Ստացվում է՝ նկարող անձն առերևույթ խոշտանգման դեպքի մասին իմացել է ու չի հայտնել իրավապահներին. նախարարը՝ ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքը նկարելու մասին
Երևան քաղաքի վարչությունում օպերլիազորի կողմից քաղաքացուն ծեծելու և հայհոյելու դեպքի քննության շրջանակում կդիտարկվի նաև այն հանգամանքը, թե ով է նկարահանել այդ տեսարանը։ Այս մասին այսօր 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այդ հանգամանքը կդիտարկվի նաև քրեական վարույթի շրջանակում։ Գործ ունենք նաև հանցագործության մասին չհայտնելու իրավիճակի հետ։ Ստացվում է, որ նկարող անձն առերևույթ խոշտանգման դեպքի մասին իմացել է ու չի հայտնել իրավապահներին։ Դեպքի առթիվ վարույթը նաև այս հարցին կանդրադառնա»:
Խոսելով համակարգում խոշտանգման դեպքերի մասին՝նախարարը հավաստիացրեց, որ դրանք համատարած բնույթ չեն կրում։ Նրա խոսքով՝ ո՛չ նախանցած, ո՛չ էլ անցած տարի նման դեպքեր չեն գրանցվել։
Ըստ Սարգսյանի՝ համակարգում խոշտանգման դեպքերի առնչությամբ առանձին վարույթներ կան նախաձեռնված, լիազորություններ են կասեցվել և այլն։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է օպերլիազորը հայհոյում և նվաստացնում մի տղամարդու:


