Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին ներկայացրել է Արդարադատության նախարարության գործունեությունը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին՝ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց այցի ու արդարադատության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Սրբուհի Գալյանը ուսանողներին ծանոթացրել է նախարարության, որպես արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գործունեությանը՝ անդրադառնալով քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին և նախարարության առաջնահերթություններին: Նախարարը նաև ուսանողներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից Հռոմի կանոնադրության վավերացումից հետո նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերը:
Ակադեմիայի ուսանողների հետ քննարկվել են նաև գենդերային հավասարության ապահովմանն ու պետական կառավարման համակարգում կանանց լիարժեք ներգրավմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Սրբուհի Գալյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում կանանց դերին՝ արձանագրելով նաև, որ Հայաստանում առաջին անգամ Քրեակատարողական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը ղեկավարում են կանայք:
Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որին ի պատասխան նախարարը նշել է Հայաստանի Հանրապետության կողմից Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության մասին: Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և հաջողություն մաղթել իրենց հետագա գործունեության մեջ: