Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված առանցքային բարեփոխումները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված առանցքային բարեփոխումները, որոնք գնահատելի են նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման տեսանկյունից: Նա ընդգծել է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրման, խտրականության դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում իրականացված քայլերը:
Նախարարն անդրադարձել է նաև արդարադատության նախարարության դերակատարմանը ներպետական օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու գործընթացում՝ արձանագրելով, որ արդեն իսկ իրականացվել է մի քանի տասնյակ փորձաքննություն, և նախարարությունը շարունակելու է այդ ուղղությամբ կարողությունների զարգացումը:
Կարևորելով համաձայնագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կառավարության որոշմամբ ընդունված ճանապարհային քարտեզները կարևոր գործիք են համաձայնագրի արդյունավետ իրականացման համար։ Այնուամենայնիվ, Կառավարության համար հիմնական ուղենիշը մնում է հենց բուն համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարմանն ուղղված հանձնառությունը։
Այս համատեքստում նա ներկայացրել է արդարադատության նախարարության կողմից ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի վերանայման ու նորի մշակման աշխատանքներն ու կիրառված սկզբունքները:
Աշխատաժողովին զեկուցմամբ հանդես է եկել նաև արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ներկայացնելով քարտեզի նորացման շրջանակում նախարարության կողմից ձեռնարկված քայլերը, շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկների վերլուծության և լրամշակման արդյունքները ու ընթացիկ մարտահրավերները:
Գործընկերները բարձր են գնահատել արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված ծավալուն աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով շարունակական համագործակցության և ներառական գործընթացի համար։
Հանդիպման ընթացքում շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվել և հասցեագրվել են համաձայնագրի իրականացման հետ կապված առաջարկներն ու հնարավոր մտահոգությունները: