Սրբուհի Գալյանը Ֆլետչերի իրավունքի դպրոցի պատվիրակության հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները
Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:
Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը:
Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, որի նպատակն է՝ երիտասարդ ուսանողներին հնարավորություն ընձեռել անցնել պրակտիկա և զարգացնել կարողությունները:
Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար: Միջազգային քաղաքականության պրոֆեսոր, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն և ակադեմիական դեկան Մոնիկա Տոֆտը ներկայացրել է դպրոցի կողմից իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դպրոցի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները՝ արբիտրաժի և հաշտարարության, միջազգային իրավունքի և մի շարք այլ բնագավառներում։ Ծրագրերի իրականացումը կնպաստի մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կստեղծվի հիմք՝ փորձի փոխանակման և արդյունավետ գործընկերության ձևավորման համար։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել Միջազգային արբիտրաժային շաբաթի երրորդ միջոցառումը։ Այս շրջանակում Հայաստան կժամանեն տարբեր երկրներից ճանաչված արբիտրներ, իրավաբան-գիտնականներ և պրոֆեսորներ՝ մասնագիտացված արբիտրաժի ոլորտում կիսվելու իրենց մասնագիտական գիտելիքներով և միջազգային փորձառությամբ։
Միջոցառումը նպատակ ունի նպաստել արբիտրաժային մշակույթի զարգացմանը Հայաստանում և խթանել միջազգային փորձի ներդրումն իրավական համակարգում։ Ուստի, դրան կարող են մասնակցել նաև Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի մասնագետները և շրջանավարտները: