կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման հարցը

Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման հարցը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝ որպես ոլորտային բարեփոխումների առաջնահերթ ուղղություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
 
Դեսպանը մատնանշել է Ղազախստանի համար Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու կարևորությունը՝ նախարարին փոխանցելով այս ուղղությամբ Ղազախստանի բարեփոխումների առաջնահերթությունների օրակարգը:
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունն ու նախանշել առաջիկա անելիքները, ինչը նոր լիցք կհաղորդի արդարադատության ոլորտում համագործակցությանը:

 

  • Կիսվել: