ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սիսիանի համայնքապետը կալանավորվեց

Սիսիանի համայնքապետը կալանավորվեց

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման միջորդությունը դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց: Այս մասին քիչ առաջ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գնացին կլասիկ սխեմայով. ձերբակալությունը ճանաչեցին ոչ իրավաչափ: Առանց որոշմանը ծանոթանալու էլ հասկանում եմ, որ ապօրինի որոշում է կայացվել, որովհետեւ մենք շատ ծանրակշիռ փաստական հանգամանքներ էինք ներկայացրել, որով բացառվում էր մեր պաշտպանյալի կալանավորումը: Հետագայում ավելի մանրամասն ծանոթանալուց հետո կհայտնենք ավելին: Միանշանակ բողոքարկվելու է վերաքննիչ դատարան՛՛:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

 

  • Կիսվել: