Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ պետք է շարունակեն պատիժ կրել. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանում է ներկայացրել Սիրիայի Արաբական Հանրապետությանը դատապարտյալների փոխանցման վերաբերյալ՝ ընդգծելով, որ գործընթացը իրականացվել է օրինական կառուցակարգերի շրջանակում և քաղաքական ու հումանիտար նկատառումներով։
«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով՝ պայմանով, որ շարունակեն կրել իրենց նկատմամբ նշանակված պատիժը։ Գործընթացը կարգավորվել է համապատասխան օրենքով և իրականացվել է փոխադարձության սկզբունքի հիման վրա»,– մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նախարարը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ փոխանցման որոշումը կայացվել է՝ գնահատելով Հայաստանի առջև առկա օբյեկտիվ հնարավորությունները։
«Այն արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու և Սիրիայում ապրող հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելի արդի դարձնելու նպատակով»,– ընդգծեց նա։
Նախարարը հայտնեց, որ քննարկվել են նաև այլ հնարավոր ճանապարհներ, տարածաշրջանային հարաբերությունների զարգացման համատեքստում և օբյեկտիվ հնարավորությունների գնահատման արդյունքում ընտրվել է հենց Թուրքիայի ճանապարհը։
«Վստահաբար, որևէ արգելք չկա դատապարտյալների փոխանցումն այլ պետության միջոցով իրականացնելու համար»,– նշեց Գալյանը։


