շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Շուրջ 1 տ թմրանյութի տեղափոխման գործով 17 տարի ազատազրկման դատապարտված վրացի վարորդն ազատ է արձակվել

Շուրջ 1 տ թմրանյութի տեղափոխման գործով 17 տարի ազատազրկման դատապարտված վրացի վարորդն ազատ է արձակվել

Իրանից շուրջ 1 տ թմրանյութ տեղափոխելու գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված վրացի վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլին հունվարի 17-ին ազատ է արձակվել: Այս մասին գրում է hetq.am-ը։

Մարտիաշվիլին «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Կենտրոնի դատարանում հունվարի 17-ին կայացած նիստին դատարանը որոշել է իրեն ազատ արձակել` կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունենալու հիմքով:

«Չնայած առողջությունս ավելի է վատթարացել, բայց ես արդեն ազատության մեջ եմ և քայլում եմ Երևանի փողոցներով»,-ասաց Մարտիաշվիլին:

 

Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունվարի 20-ի դատավճռով դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (այս հոդվածը հետագայում ուժը կորցրած է ճանաչվել, և նրա արարքը վերաորակվել է 267.1 հոդվածի 4-րդ մասով), 266-րդ հոդվածի 3-րդ մասով և 66-րդ հոդվածով, այն է՝ խոշոր չափով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և/կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը և ապօրինի իրացնելը, որի համար պատիժ է նշանակվել հանցանքների համակցությամբ (66-րդ հոդված)՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման:

Ավթանդիլ Մարտիաշվիլին երկար տարիներ մեծ բեռնատարների վարորդ է աշխատել: Մի քանի ամիս անգործ մնալուց հետո՝ 2014թ.-ին, բեռնատարի թուրք սեփականատիրոջից առաջարկություն է ստացել բեռներ տեղափոխել Վրաստան-Իրան և Եվրոպա ուղղություններով: Համաձայնել է: Այդ փոխադրումներից մեկի ժամանակ՝ հայ-իրանական Մեղրիի անցակետում մեքենայի ստորին հատվածում ներկառուցված հատուկ թաքստոցներում շուրջ 1 տոննա թմրանյութ է հայտնաբերվել, վարորդը և մեքենայի թուրք սեփականատերը ձերբակալվել են, այնուհետև՝ դատապարտվել: Չնայած թուրք սեփականատեր Օսման Ուղուրլուն իր ցուցմունքում և դատարանում նշել է, որ վարորդը տեղյակ չի եղել մեքենայի թաքստոցում առկա բեռի մասին, և քրեական գործում Մարտիաշվիլու մեղքը հիմնավորող ուղղակի ապացույցներ չկան, ՀՀ դատարանները նրան մեղավոր են ճանաչել և դատապարտել ազատազրկման: Ավթանդիլ Մարտիաշվիլին մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում:

2017թ. փետրվարից Ավթանդիլ Մարտիաշվիլին գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»: Առողջական վիճակը հետզհետե վատացել էր, և նրան մշտական հսկողության տակ էին պահում:

2019թ. հունվարին ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը միջնորդագիր էր ներկայացրել դատարանին՝ Ավթանդիլ Մարտիաշվիլուն ծանր հիվանդության հետևանքով պատժի հետագա կրումից ազատելու մասին:

Հայաստանի կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 826-Ն որոշման երկրորդ հավելվածում թվարկված էր այն հիվանդությունների ցանկը, որոնք խոչընդոտում էին դատապարտյալի պատիժը կրելուն, և որի առկայության դեպքում դատապարտյալը կարող էր ազատ արձակվել: Այդ հիվանդություններից մի քանիսն ուներ Մարտիաշվիլին: 

Միջնորդությանը կից ներկայացվել էր Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի հունվարի 9-ի եզրակացությունը, համաձայն որի՝ Մարտիաշվիլին տառապում էր մի շարք հիվանդություններով`

  • շաքարային դիաբետ, տիպ 2, ծանր աստիճանի, ինսուլինապահանջ ձև,
  • դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիա,
  • դիաբետոսկլերոտիկ I անգիոպաթիա,
  • դիաբետիկ նեֆրոպաթիա,
  • դիաբետիկ պոլինեյրոպաթիա,
  • դիաբետիկ սենսոր պոլինեյրոպաթիա, հիպերադգեզիայի, ալլոգինիայի ձևով,
  • Ս.Ի.Հ դեֆուզ մանր օջախային կարդիոսկլերոզ,
  • զարկերակային հիպերտենզիա I-II, բարձր ռիսկ NYHA-I (մեկ) ,
  • լյարդի դիաբետիկ լիպոդիստրոֆիա,
  • ասթերոսկլերոզ,
  • ստորին վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարում, նշանակալի հեմոդինամիկ խանգարումներով,
  • շագանակագեղձի ադենոմա,
  • խրոնիկական ռեցիդիվոզ էկզեմա:

Բժշկական միջգերատեսչական հանձնաժողովն իր տված եզրակացությամբ հաստատել էր, որ այս ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 26.05.2006թ. 825-Ն որոշման հավելված 2-ում ՀՀ կառավարության 06.07.2017թ. թիվ 800-Ն որոշմամբ փոփոխված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 45-րդ կետին, այն է՝ «Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների), մազանոթների հիվանդություններ» վերտառությամբ 5-րդ ենթակետին, այն է՝ «դիաբետիկ անգիոպաթիա»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել էր նրան ազատել հիվանդությունների՝ կալանքի հետ անհամատեղելի լինելու հիմքով: 

Վերաքննիչ դատարանը նույնն էր թողել Ն. Բաղդասարյանի որոշումը:

Մարտիաշվիլին բողոքարկել էր այն Վճռաբեկում:

Նրա առողջության վատթարացմամբ պայմանավորված` նոր ստուգումներ են նշանակվել և հաստատվել է, որ Մարտիաշվիլու վիճակն ավելի է վատացել, և  Մարտիաշվիլու` կալանքի նրա կյանքի հետ անհամատեղելիության հարցը կրկին քննվել է Ընդհանուր իրավասության դատարանում, և դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել վրացի վարորդին:

  • Կիսվել: