երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սևանի ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ

Սևանի ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորել է Լեւոն Բանդուրյանին եւ նրա հետ եւս մեկ անձի, որոնք ըստ նախաքննական մարմնի կյանքից զրկել են Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանին։

Ըստ նախաքնական մարմնի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։

19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լևոն Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք, ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել եւս մեկ անձ, որը նրա ընկերն է:

Քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին՝ Լևոն Բանդուրյանը և 40-ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ, հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել է ավագանու անդամ: Ինչն է եղել կրակոցի պատճառը: Կրակոցների հետեւանքով սպանվել է Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը:

Իսկ ինչն է եղել վիճաբանության բուն պատճառը:

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ավագանու անդամ Արսեն Աֆիյանը բարձր է խոսել հյուրանոցում ու նրան նկատողություն է արել քրեական հեղինակության որդին, ինչից էլ սկսվել թեժ խոսակցությունը ու կրակոցներ են հնչել:

  • Կիսվել: