չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՍԴ որոշմանը պետք է հետևեն հրաժարականներ․ Վանեցյանի հարցազրույցը

ՍԴ որոշմանը պետք է հետևեն հրաժարականներ․ Վանեցյանի հարցազրույցը

Շատ կարևոր է, որ երկրում գործում են ինստիտուտներ, որոնք արձանագրում են իրավունքի գերակայությունը՝ անկախ տվյալ պահի քաղաքական իշխանության ցանկությունից: Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական:Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Պարո՛ն Վանեցյան, ՍԴ երեկվա որոշումը սառը ցնցուղ էր շատերի համար։ Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ առաջիկա քաղաքական պրոցեսների համար։

Այդ որոշումը ես համարում եմ տրամաբանական արդյունք և պետության համար շատ կարևոր հանգրվան՝ առաջին հերթին իրավունքի տեսակետից: Քաղաքական պրոցեսներն այս դեպքում երկրորդական են: Շատ կարևոր է, որ երկրում գործում են ինստիտուտներ, որոնք արձանագրում են իրավունքի գերակայությունը՝ անկախ տվյալ պահի քաղաքական իշխանության ցանկությունից: Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական:

Պարո՛ն Վանեցյան, կա տարածված տեսակետ, որ հենց այս թեման էր Ձեր հրաժարականի և հայտնի «Կանգ առ»-ի  հիմքում: Սրա՞ մասին էիք դուք ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալիս զգուշացնում գործող իշխանությանը։

Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր  կետերից մեկն էր: Այո՛, ես երբեք չեմ թաքցրել իմ տեսակետը թե՛ այս գործի, թե՛ ՍԴ-ի վրա ամիսներ տևող անթույլատրելի ճնշումների վերաբերյալ: Մենք այդ ժամանակը պետք է օգտագործեինք հասարակական համերաշխու¬թյան վերականգնման և պատերազմից խուսափելու համար: ՍԴ-ի երեկվա որոշումն անձնապես ինձ համար ունի կարևոր նշանակություն․ իմ թիմակիցների, ինձ վստահող մարդկանց համար սա ևս մեկ ապացույց է, որ ես ժամանակին ճիշտ էի: Սա կարևոր է  դեռևս իշխանության մեջ գտնվողների համար, որ իմ զգուշացումների հիմքում բացառապես պետության շահն էր: Ստացվում է, որ հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածով մենք ունեցանք ներքին թշնամանք, լրջագույն խնդիրներ Ռուսաստանի հետ, անթույլատրելի լարվածություն ՀԱՊԿ-ում, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի անկում և այլն:

Դուք ասացիք, որ սա «Կանգ առ»-ի կարևոր,  բայց միակ թեման չէր։ Իսկ որո՞նք են մյուսները, կասե՞ք…

Իհարկե, կասեմ: «Կանգ առ»-ը թեև տեխնիկապես ուղղված էր մեկ հոգու, բայց ահազանգ էր՝ ողջ հասարակությանը, և դրա շատ կետեր ունեն նույն սրությունը: Այնպես որ, ես դրա մասին անպայման խոսելու եմ և՝ շուտով:

Վերջին հարցը. ի՞նչ պետք է հետևի ՍԴ որոշմանը։

Հրաժարականներ․․․քաղաքական և իրավապահ համակարգից, ինչպես նաև մարդկային ներողամտության հայցում առնվազն այս հայտնի գործով հետապնդվողներից:

  • Կիսվել: