հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՍԴ նախագահի պաշտոնն ամենեւին գրավիչ չէ․ Արման Դիլանյան

ՍԴ նախագահի պաշտոնն ամենեւին գրավիչ չէ․ Արման Դիլանյան

Այս պահին դեռ որեւէ թեկնածու չկա, մենք դեռ չենք հասել առաջադրման կամ ինքնառաջադրման փուլին։ ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը՝ շեշտելով, որ ինքնառաջադրվել չի պատրաստվում։

Հարցին, թե ինքը չի՞ ուզում ղեկավարել ՍԴ-ն, Արման Դիլնյանն ասաց. «Ես ձեզ անկեղծ ասեմ, առանց որեւէ փարիսեցիության, կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում եւ հուսով եմ, որ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել»:

Նա նշեց, թե իր  կարծիքով ՍԴ նախագահի պաշտոնն ամենեւին գրավիչ չէ, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, չի կարող ասել։

«Կարծում եմ՝ շատ դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական, վարչական ու կազմակերպչական գործառույթներ: Շատ ավելի հարմարավետ է ՍԴ-ում աշխատել որպես ՍԴ դատավոր»:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Վահե Գրիգորյանի սցենարով հենց ինքն է լինելու ՍԴ նախագահը, Դիլանյանն ասաց․ «Իսկ ով ասաց՝ Վահե Գրիգորյանի սցենարով, էլի ՍԴ-ի աղբյուրներն են փոխանցո՞ւմ: Այն աղբյուրները, ըստ որոնց ես ամեն օր կառավարություն եմ գնում եւ այնտեղից ցուցումներ եմ ստանո՞ւմ: Այդպիսի հերյուրանքների մի հավատացեք»:

 

  • Կիսվել: