երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սասուն Խաչատրյանը՝ սկանդալային տեսանյութի մասին

Սասուն Խաչատրյանը՝ սկանդալային տեսանյութի մասին

«Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ ազմակահարույթ տեսանյութի դեպքն, ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել 2008-2010 թվականներին: Այս մասին լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Հարցին, թե ինչու քրեական գործը չի հարուցվել խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով, ՀՔԾ պետը նշեց, որ այդ ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը ընդունված չէր, հետևաբար նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէին կարող այդ հոդվածով քրեական գործ հարուցել:

Դիտարկմանը՝ դեպքի հետ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առնչություն ունի՞, ՀՔԾ պետն ասաց, որ տեղյակ չէ և չի կարող մանրամասներ ներկայացնել։

Սասուն Խաչատրյանը նաև հայտնեց, որ այս պահին դեռ չեն կարող ասել՝ տեսանյութում երևացողները բոլորը ոստիկաններ են, թե ոչ։

Հիշեցնենք, որ համացանցում տարածված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:

  • Կիսվել: