հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սամվել Շահրամանյանը և Ջալալ Հարությունյանը հրավիրվել են ԱԺ քննիչ հանձնաժողով, շատ կարևոր է նրանց լսելը. Քոչարյան

Սամվել Շահրամանյանը և Ջալալ Հարությունյանը հրավիրվել են ԱԺ քննիչ հանձնաժողով, շատ կարևոր է նրանց լսելը. Քոչարյան

Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հայտնեց, որ քննիչ հանձնաժողով հրավիրելու գրությունն արդեն ուղարկվել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, սպասում են արձագանքին։

«Գրության մեջ հստակ արձանագրել էի, որ ինքը կոնկրետ ասի, որ օրն է իրեն հարմար, որ մինչև դեկտեմբեր ամիսն անպայման գա հանձնաժողով և այն հարցերը, որոնք պարտադիր պետք է իրեն ուղղենք,  կարողանանք  այդ հնարավորությունից օգտվել»,- ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ մինչև 44-օրյա պատերազմը՝ մինչև 2020 թ. մայիս Սամվել Շահրամանյանը եղել է Արցախի ԱԱԾ ղեկավարը։

Ա. Քոչարյանը նաև հայտնեց, որ քննիչ հանձնաժողով է հրավիրվել 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը։

«Այսօր առավոտյան խոսել եմ նաև Ջալալ Հարությունյանի հետ։ Այստեղ մի փոքր իրավական խնդիր կա, եթե դա էլ լուծվի, կարծում եմ՝ նա էլ կկարողանա մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին»,- ասաց Քոչարյանը։

«Չներկայանալու դեպքում քննիչ հանձնաժողովը ոչինչ չի կարող անել։ Բայց այն օրենսդրական նախաձեռնությունը, որ մենք պատրաստել ենք, ապագայում քննիչ հանձնաժողովներին կտա հնարավորություն, որ իր կողմից հրավիրյալները չունենան հնարավորություն չներկայանալու նիստերին»,-ասաց նա:։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։

  • Կիսվել: