երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սամսոնյանն ու Աբովյանը գնացել էին Երևանի Կենտրոնի բաժին՝ բերման ենթարկված ցուցարարների մոտ

Սամսոնյանն ու Աբովյանը գնացել էին Երևանի Կենտրոնի բաժին՝ բերման ենթարկված ցուցարարների մոտ

Ինչպես հայտնի է՝ այսօր Վազգեն Սարգսյան փողոցից ՀՅԴ երիտասարդներից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, հինգ հոգի տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդներն առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը:

Երևանի Կենտրոնի բաժին էին եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

 «Ոստիկանության բաժնում խաղաղ էր, ոստիկաններն իրենց գործն էին անում, բերման ենթարկվածները հանգիստ նստած էին, զրուցել եմ բոլորի հետ, որևէ բողոք ոստիկաններից չկար, միայն խնդիր կար, որ չէին թողել հեռախոս օգտագործել, կարծում եմ՝ այդ խնդիրը հարթեցինք։ Կային բողոքողներ, որ իրենց բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ։ Մենք այդ մասով խոսեցինք բաժնի պետ պարոն Պապյանի հետ, եթե կլինեն բողոքներ, դրանց ընթացք կտան։ Հիմա կազմվում են արձանագրություններ, բերման ենթարկվածներին տարբեր ժամերի բաց կթողեն, ավելի շուտ, քան կլրանա 3 ժամը»,-ասաց Սամսոնյանը՝ նշելով, որ գնում է Էրեբունու բաժին։

Իսկ Արման Աբովյանը նշեց. «Պետք է հանդիպում լիներ, նախարարը պետք է հանդիպեր և լսեր ուսանողներին, նույնիսկ այն մարդկանց, որոնք գուցե իր դուրը չեն գալիս, իսկ եթե չի լսում, դա բերում է այսպիսի իրավիճակների»։

  • Կիսվել: