Սա Հայաստանի տարածքո՞ւմ, թե՞ դրանից դուրս կատարված հանցագործություն է. Տիրան Խաչատրյանի պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, մեկնարկել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:
Տիրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտարարեց, թե բոլորը, նստած իրենց տեղերում, գնահատական են տալիս պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործողություններին։
Նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանից Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը պարզաբանում խնդրեց, ինչո՞ւ են նիստերն անցկացվում Գորիսում, երբ օրենքը սահմանում է, Հայաստանից դուրս կատարված հանցագործության պայմաններում տարածքային ընդդատությունը նախատեսում է, որ նիստերը պետք է անցկացվեն մեղադրյալի վերջին բնակության կամ գրանցման հասցեին մոտ։
Իսկ եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, ապա մեղադրյալ դատական քննությունը նախատեսված հանցագործության կատարման վայրում։
«Այս հարցերի համատեքստում խնդրում եմ, որ դատարանը պարզաբանի՝ արդյոք հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքից դուրս, թե՞ ՀՀ տարածում։ Երկրորդ պարզաբաման խնդիրը, եթե կատարվել է Հայաստանի տարածքում, ապա կատարման վայրը որտե՞ղ է, որտեղ պետք է լինի կատարման վայրի ընդդատությունը։ Եթե տեղի է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս, ապա ինչո՞ւ չի գործում Քրեական դատավարության օրենսգրքի 261 հոդվածով սահմանված իրավակարգավորումը, ըստ որի եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ՀՀ քաղաքացու կողմից, ապա պետք է իրականացվի ըստ բնակության կամ գրանցման վայրի»,-ասաց Արմեն Անդրիկյանը։
Դատավորն ի պատասխան հարցրեց պաշտպանին, ըստ նրա, որտե՞ղ է եղել ենթադրյալ հանցագործությունը, Հայաստանի՞ տարածքում, թե՞ այլ։
«Որտե՞ղ է կատարվել, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ըստ մեղադրանքի, կատարվել է Լեռնային Ղարաբաղում։ Խնդրում եմ, պարզաբանեք, դա Հայաստանի Հանրապետության տարածքո՞ւմ, թե՞ դրանից դուրս կատարված հանցագործություն է։ Այդ հարցը պետք է մեղադրական կողմին տրվի»,-ասաց պաշտպանը։
Դատախազն արձագանքեց, ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում, որը գտնվել է ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո։
Խաչատրյանի մյուս պաշտպան Վարազդատ Հարությունյանն ընդգծեց՝ գործընկերը շատ կոնկրետ իրավական հարցադրում է արել։
«Պատվարժան դատարան, մենք ակնկալում ենք, որ մենք կլսենք այն իրավական հիմքերը, որոնց համաձայն սույն գործով դատական նիստերն իրականացվում են Սյունիքի մարզի դատարանում ու այս նստավայրում։
Հարգարժան դատարան, այս իրավական խառնաշփոթի հեղինակը հաստատ մենք չենք, դրա հեղինակին կարելի է փնտրել լրիվ ուրիշ տեղ։ Շահարկումների տեղի չտալու համար ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքով Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, բայց դա իմ սուբյեկտիվ դիրքորոշումն է, քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումն է, որը ես դրել եմ մի կողմ, գործընկերոջս հետ իրավական հարց ենք բարձրացնում»,-ասաց Վ. Հարությունյանը՝ խնդրելով դատավորին պարզաբանել հարցը։
Ի պատասխան դատավոր Արթուր Ոսկանյանը որոշեց, որ այս գործով դատական նիստը դատարանի Գորիսի նստավայրում անցկացնելը ընդդատության խախտում չէ, դատարանը մասնավորապես հիմք է ընդունում «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշումը, ինչպես նաև «Զալյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշումը։
Նշենք՝ ըստ մեղադրական եզրակացության, Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։