հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռազմական դրության պայմաններում մի շարք հանցանքների համար պատիժը կխստացվի

Ռազմական դրության պայմաններում մի շարք հանցանքների համար պատիժը կխստացվի

Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար։

Նախատեսվում է փոփոխություն կատարել ՔՕ 327-րդ հոդվածը 3-րդ մասում փոփոխություն կատարել, այն է ռազմական դրության ժամանակ  ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար պատիժը խստացնել, 4-8 տարվա փոխարեն սահմանել 6-12 ազատազրկում։

Ռազմական դրության պայմաններում այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը 3-8 տարվա փոխարեն կպատժվի 6-12 տարի ազատազրկմամբ։ Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը 6-12 տարվա փոխարեն կպատժվի 8-15 տարվա ազատազրկմամբ։

 

Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելու համար: Նշված հանցագործության օբյեկտ են հանդիսանում ՀՀ պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված հասարակական հարաբերությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ բաժինը նվիրված է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններին` ընդգրկելով համանման անվանումով գլուխ:

Նշված բաժնում ընդգրկված հանցագործությունների սեռային եւ տեսակային օբյեկտները համընկնում են. դրանք այն հասարակական հարաբերություններ են, որոնք առաջանում են զինվորական ծառայության` որպես պետական ծառայության հատուկ տեսակի իրականացման ընթացքում:

 

ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածի իմաստով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը պայմանավորված է ոչ միայն գերժամանակակից զինատեսակների եւ տեխնիկայի առկայությամբ, այլեւ զինծառայողների մարտական պատրաստվածությամբ, որի համատեքստում ընդգծվում է զինվորական կարգապահության անշեղ պահպանումը: Հենց այդ գաղափարախոսության վրա էլ հիմնված է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ բաժինը: ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացումն ու ռազմական հզորության ամրապնդումն այն անկյունաքարային ուղղություններն են, որոնց ապահովման նպատակով պետությունը քրեաիրավական արձագանք է ցուցաբերում զինվորական կարգապահության խախտումների նկատմամբ:

Հիմքում ունենալով նշված խումբ հանցագործությունների հանրային բարձր վտանգավորությունը` օրենսդիրը դրանց համար, որպես կանոն, ծանրացնող հանգամանք է սահմանել արարքը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը:

 

Քրեաիրավական պատասխանատվություն նախատեսելուն զուգահեռ, հարկ է հաշվի առնել, որ արդարադատությունն իրականացնելիս դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն է այն, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին:

Ըստ այդմ` հատկապես ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարվող հանցագործությունների համար սահմանված սանկցիաները պետք է առավել համապատասխանեցվեն համաչափության սկզբունքին:

  • Կիսվել: