Քրեակատարողական ծառայության պետը և Իրանի հյուպատոսը քննարկել են ՔԿՀ- ներում իրանցի ազատազրկվածների պահման պայմանները
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն ու հյուպատոսարանի այլ ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին Քրեակատարողական ծառայությունից՝ կողմերը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց ընտանիքների հետ հեռախոսակապի ապահովմանը, հացադուլներին և առողջական խնդիրներին առնչվող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը պատշաճ ուշադրության արժանացնելու, օտար երկրում նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև արտահանձնման գործընթացները ժամանակին կազմակերպելու համար:
Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծելու փորձի փոխանակման հնարավորություններ, որոնք կնպաստեն երկու հարևան երկրների առավել համակարգված ոլորտային աշխատանքին: