Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվել
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին, մանկահասակ երեխային գրկած, դրսևորում հակաիրավական վարքագիծ և հրաժարվում ենթարկվել ոստիկանության ծառայողների հստակ պահանջներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներն այցելել են քաղաքացու հասցե՝ նրա կողմից համայնքապատկան հողատարածքը կրկին ինքնակամ զբաղեցնելու հանգամանքները պարզելու նպատակով։
Ոստիկանության ծառայողների օրինական պահանջները կատարելու փոխարեն քաղաքացին դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ անտեսելով նաև իր երեխայի լավագույն շահն ու անվտանգությունը։
Պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով քաղաքացին ձերբակալվել և բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Միաժամանակ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները»,- ասվում է հաղորդագրությունում։



