կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Քրեական հետապնդման մարմինները ղեկավարվում են գուշակություններով. Սերժ Սարգսյանի եղբորորդու պաշտպան

Քրեական հետապնդման մարմինները ղեկավարվում են գուշակություններով. Սերժ Սարգսյանի եղբորորդու պաշտպան

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանն ամբողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում գտնվում էր ոստիկանական աշխատակիցների հսկողության ներքո, ինչը եւս մեծացնում է հավանականությունը, որ նրա նկատմամբ ճնշումներ են եղել։

Նա հիշեցրեց, որ առաջին իսկ դատական նիստին Դավիթ Սիմոնյանին ուղեկցում էին քաղաքացիական հագուստով 2 անձ, որոնք նրա հետ մուտք գործեցին դական նիստերի դահլիճ։

Սարգսյանն ասաց. ՛՛Նշված անձինք ասացին, որ ոստիկանության աշխատակիցներ են։ Պաշտպանության կողմի մոտ մինչեւ օրս էլ հիմնավոր կասկածներ են առկա, որ Դավիթ Սիմոնյանը դատաքննության ընթացքում եւս գտնվել է Ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո, որպեսզի շարունակի պնդել իր դիմումում նշված հանգամանքները եւ շարունակի պնդել Հայկ Սարգսյանին՛՛։

Նա միջնորդեց հաստատել սույն քրեական գործով տուժող Դավիթ Սիմոնյանի բոլոր ցուցմունքները եւ նրա մասնակցությամբ կատարված բոլոր քննչական գործողությունները որպես ապացուցման թույլատրելիություն, եւ դրանք չդնել Հայկ Սարգսյանի մեղադրանքի հիմքում՝ նշելով, որ դրանք խիստ կասկածելի են։

Սարգսյանի խոսքով՝ գործով վկաների ցուցմունքները ուսումնասիրելիս պարզվում է, որ բոլորի ցուցմունքներում նշված է՝ կրակոցը պատահական է եղել: Նա նշեց, որ, իր տպավորությամբ, քրեական հետապնդման մարմինները ոչ թե ղեկավարվում են օրենքով, այլ իրենց գուշակություններով:

Նշենք, որ դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին: Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի գործով ամբաստանյալին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին գործով մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Մեղադրող դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված էր, իսկ ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդել էր դատարանին կիրառել վաղեմություն։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք նաեւ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

 

  • Կիսվել: