հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քրեական գործ հասկացությունը կարող է վերանալ հայաստանյան իրավական համակարգից. Բադասյան

Քրեական գործ հասկացությունը կարող է վերանալ հայաստանյան իրավական համակարգից. Բադասյան

Քրեական գործ հասկացությունը կարող է վերանալ հայաստանյան իրավական համակարգից: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՛՛Քրեական դատավարության օրենսգրքի մասին՛՛ օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ  նախարարությունն առաջարկում է քրեական գործ հարուցելը փոխարինել վարույթ հարուցելով: Քննությունը, օրինագծի համաձայն, առաջարկվում է փոխարինել նախաքննությամբ, ինչը, հեղինակների խոսքով, զգալիորեն կպարզեցնի մինչդատական վարույթը:

՛՛Այսինքն՝ հանցագործության մասին բավարար տեղեկությունների դեպքում քննիչը կազմում է արձանագրություն, միանգամից անցնում է նախաքննությանը եւ իրազեկում է այդ մասին դատախազությանը: Քննիչի հանձնարարությամբ հետաքննչական մարմինն իրականացնելու է գաղտնի քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն՛՛,-ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ նոր օրենսգրքի համաձայն՝ փոփոխություններ են կատարվել նաեւ խափանման միջոցի մասով, մասնավորապես՝ ծրագրվում է մտցնել նոր տեսակներ՝ տնային կալանք եւ վարչական հսկողություն: Ընդ որում, նոր միջոցները գործնականում կիրառելու համար, նախարարի խոսքով, ծրագրվում է իրականացնել էլեկտրոնային բրասլետների պետական գնում:

Նորարարություններից մեկն էլ թվային խուզարկությունն է, որը ենթադրում է էլեկտրոնային կրիչների խուզարկում:

  • Կիսվել: