կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քոչարյանի փաստաբանը կասկածի տակ է դնում դատավորի անկողմնակալությունը․ դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Քոչարյանի փաստաբանը կասկածի տակ է դնում դատավորի անկողմնակալությունը․ դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը դատավոր Սարգիս Պետրոսյանի քաղաքական անցյալը կասկածի տակ դնելու առնչությամբ ներկայացրեց միջնորդություն՝ պահանջելով դատավորին ինքնաբացարկ հայտնել։ 

Վարդևանյանը հիշեցրեց, որ 2018 թվականին Սարգիս Պետրոսյանը եղել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու և ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքեր։  

«Ցանկանում ենք հստակեցնել, թե ինչ հանգամանքներում է դատավորը ընդգրկվել կուսակցության շարքերը և մասնակցել քաղաքական գործընթացներին, ինչը կարող է կասկածի տակ դնել նրա անկողմնակալությունն այս գործով»,- նշեց Վարդևանյանը։

Նա նաև ընդգծեց, որ Պետրոսյանի քաղաքական անցյալը և գործով տուժողի իրավահաջորդի հետ քաղաքական կապերը կարող են հարցեր առաջացնել դատավարական գործընթացի արդարության վերաբերյալ։ 

Դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է քաղաքական ուժի առաջարկ՝ որպես իրավաբան քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնել։

«Ես եղել եմ կուսակցության անդամ մի քանի ամիս՝ պայմանավորված թեկնածու առաջադրվելու հանգամանքով։ Երբևէ քաղաքական պաշտոն չեմ զբաղեցրել, իմ ընդգրկվածությունը եղել է միայն իրավաբանական գիտելիքներս ծառայեցնելու նպատակով։ 2019 թվականին նշանակվել եմ դատախազ, իսկ 2024 թվականին՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր»,- նշեց նա։ 

Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց․ «Դուք ասում եք՝ քաղաքականությամբ կյանքում չեմ զբաղվել, բայց մտել եք կուսակցություն և մասնակցել ընտրություններին։ Այդպես չի լինում։ Քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնողը զբաղվում է քաղաքականությամբ»։ 

Պետրոսյանը հավելեց, որ չի կարող լինել որևէ ողջամիտ փաստարկ, որ նախագահող դատավորը կողմնակալ է կամ ունի կանխակալ վերաբերմունք գործով անցնող որևէ անձի նկատմամբ։ 

Դատարանը մերժեց Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը չի ընդունում, ինչպես նաև դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր հայտնի չեն»,- եզրափակեց դատավոր Պետրոսյանը։ 

 

  • Կիսվել: