երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել

Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը, սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Այս մասին InfoPort.am-ին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը: Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց Օհանջանյանը:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի կողմից գործով տուժողներից մեկին գործից հրաժարվելու հարկադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ։

Քրեական գործի շրջանակներում մեկ անձ՝ Վարուժան Մկրտչյանը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340֊րդ հոդվածի 4֊րդ մասի 1֊ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի սույն հոդվածը սահմանում է հետևյալ հանցանքը՝ «կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք տալու համար կաշառելը կամ հարկադրելը»։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

  • Կիսվել: