երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ ՔԿ խոսնակը՝ Արամ Վարդևանյանի հայտարարության մասին

Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ ՔԿ խոսնակը՝ Արամ Վարդևանյանի հայտարարության մասին

ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն անդրադարձել է Արամ Վարդևանյանի հայտարարությունը, նշելով․  

«Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում պնդում է կատարել առ այն, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարույթի քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ում մակագրված է եղել նշված վարույթը՝ հրաժարական է տվել:
Այդ կապակությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել:
Պաշտպանը հարցազրույցի ընթացքում պնդել է նաև, որ իրենք վարույթի քննության 4-րդ ամսում միջնորդել են մաս անջատել և ուղարկել դատարան, սակայն Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ նման գործիքակազմ չկա:
Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ վարույթի սկզբնական փուլում վերջիններս միջնորդել են քրեական վարույթից անջատել «կոչի» դրվագը և այն ուղարկել դատարան, սակայն նման իրավական հնարավորություն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ոչ միայն այդ, այլ նաև փողերի լվացման, խարդախության, հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու դրվագներով: Այսինքն` առկա չէ իրավական ընթացակարգ, որը թույլ կտար միևնույն անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը տրոհել մասերի և մի մասով շարունակել նախաքննությունը, իսկ մյուս մասով ուղարկել դատարան:
Պաշտպանի մյուս հայտարարության հետ կապված, թե ի վերջո վարույթից մաս է անջատվել, ապա պետք է նշել, որ այս դեպքում խոսքը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ամբողջ ծավալով նոր վարույթ անջատելու, այլ ոչ թե մեղադրանքը տրոհելու մասին է:
Հետևաբար՝ պաշտպանի հայտարարությունները հիմնազուրկ են և չփաստարկված»,- գրել է նա:

  • Կիսվել: