չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Քննարկում ենք կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանն ուղղված փոփոխությունները. Գալյան

Քննարկում ենք կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանն ուղղված փոփոխությունները. Գալյան

Ինչքան շատ ենք խոսում կոռուպցիայի և կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչքան շատ ենք հրապարակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ, տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիայի մակարդակն աճում է։ Այս մասին այսօր կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նխարար Սրբուհի Գալյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Բայց սա միանշանակ չէ, որովհետև կոռուպցիայի մասին խոսելը և կոռուպցիոն բնույթի արարքների բացահայտման մեխանիզմների առկայությունը և այդ դեպքերի բացահայտումը դեռևս չի նշանակում, որ կոռուպցիան աճել է։ Գուցե դա խոսում է այն մասին, որ կան մեխանիզմներ, որոնք ունակ են հայտնաբերելու նմանատիպ հանցավոր կամ արատավոր երևույթներ։ Ես իմ պաշտոնում, որպես քաղաքականություն մշակող և որպես ուղղակի մարդ, որը մեր պետական ապարատի պրոցեսներից հեռու չի, իրականում տեսնում եմ որոշակի պրոգրես։ Այդ պրոգրեսը խոշոր քայլերով չի լինում և յուրաքանչյուր պրոգրես պահանջում է ժամանակ բայց ամենակարևորն այն կամքն ու հանձնառությունն է որ մենք ունենք, որը յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել։

Այս տարվա Գրեկոյի գնահատման հինգերորդ շրջափուլի համատեքստում մենք ունենք մի շարք հանձնառություններ, որոնք վերաբերում են ավելի հաշվետվողական, ավելի թափանցիկ համակարգեր ունենալուն։ Դրանց մեջ կա պարտականություն ընդունելու լոբբինգի դեմ պայքարի մասին օրենք, կա պարտականություն ընդունելու այնպիսի օրենսդրական ակտ, որով հնարավորություն կլինի հրապարակել բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասը, որպեսզի քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դառնա պետական մարմիններում պաշտոնների նշանակումը կամ պաշտոններում առաջխաղացումը։

Կա նաև պահանջ սահմանելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց մինչև պաշտոնում նշանակվելը, շահերի բախման իրավիճակների բացահայտման հետ կապված հարցերը և այլն։ Այս բոլոր ստանձնած պարտավորություններով մենք ունենք առաջընթաց»:

Գալյանի խոսքով՝ մեծապես ակտիվացել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի աշխատանքը՝ որպես մոնիտորինգ իրականացնող մարմին:

«Նպատակը նաև քննարկելն է այն հնարավոր փոփոխությունները, որոնք կարելի է անել կուսակցությունների ֆինանսավորման և ոչ միայն կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, այլև այն բոլոր քաղաքական նախաձեռնությունների ֆինանսավորման թափանցիկության հետ կապված, որոնք գործում են, բայց կուսակցություն չեն կամ դեռ կուսակցություն չեն, որովհետև մենք շատ հաճախ այս ոլորտում բախվում ենք խնդիրների:

Մարտահրավերներից խոսելով՝ պետք է խոսեմ նաև ապատեղեկատվության շատ բարձր մակարդակի մասին, որի մասին միայն ես չէ, որ խոսում եմ և նկատում եմ։ Այս առումով ևս շատ անելիք ունենք։ Նախ՝ անելիքը իրական շահառուների ինստիտուտի կատարելագործման մեջ է, այսինքն՝ բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ զանգվածային լրատվական միջոցների, իրական շահառուների ճշգրիտ բացահայտումը ինչ-որ առումով կձևավորի այնպիսի միջավայր, որ գոնե այն քաղաքացին, որը ունի իրավագիտակցության միջինից բարձր մակարդակ, հնարավորություն կունենա ֆիլտրելու և գնահատելու կարդացած նորության հավաստիության մակարդակը և ընկալելու, թե որքանով է դա ուղղորդված այս կամ այն մարդկանց, ուժերի կողմից»,–նշեց արդարադատության նախարարը:

  • Կիսվել: