կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՔԿՀ աշխատակիցը կալանավորի հետ մտերմացել էր, փորձել կաշառքի դիմաց նրա համար ալկոհոլային խմիչքներ փոխադրել ՔԿՀ

ՔԿՀ աշխատակիցը կալանավորի հետ մտերմացել էր, փորձել կաշառքի դիմաց նրա համար ալկոհոլային խմիչքներ փոխադրել ՔԿՀ

Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը:

Նշված դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, Երևան քաղաքում հանդիպել է ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի մտերիմին և վերջինիցս ընդունել կալանավորված անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության՝ արգելված իր հանդիսացող ալկոհոլային խմիչք նշված ՔԿՀ մտցնելու և նրան փոխանցելու համար 100.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկը:

2021թ. նոյեմբերի 21-ին գիշերը նրանք կրկին հանդիպել են, ՔԿՀ աշխատակիցը ստացել է 5 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներում լցված էթիլ սպիրտ և մեթիլ սպիրտ պարունակող կոնյականման հեղուկները, ինչպես նաև կաշառքի նշված գումարը:

Հերթափոխի օրը աշխատակիցը արգելված իրերը փոխադրել է ՔԿՀ: Սակայն հիմնարկի ծառայողների աչալրջության արդյունքում, նրանց պահանջով ներկայացրել է փաթեթում առկա տարաները, որոնք սահմանված կարգով վերցվել են: Այսինքն իր կամքից անկախ պատճառներով նա չի կարողացել խմիչքները փոխանցել կալանավորված անձին:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար վերջինիս առաջադրվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ակնհայտ ապօրինի գործողության համար պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, իսկ կալանավորված անձի մտերիմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի՝ կաշառք տալու հատկանիշներով:

Հսկող դատախազը հաստատել է մեղարդական եզրակացությունը և քրեական գործը՝ երկու անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Քրեական գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ ՔԿՀ աշխատակիցը կալանավորված անձի հետ ձևավորել է մտերիմ հարաբերություններ, տեղեկացրել իր ֆինանսական խնդիրների մասին և վերջինիս պատրաստակամություն է հայտնել իր մտերիմի միջոցով աշխատակցի համար վարկ ձևակերպել: Այսինքն ՔԿՀ-ի աշխատակիցը անձնական այնպիսի կապեր է հաստատել, որոնք կարող էին խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը: Նման հարաբերություններն ի վերջո նպաստել են նաև հանցանքի կատարմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ծառայության նկատմամբ ոչ բարեխիղճ նման վերաբերմունքի դրսևորումները կարող են հանգեցնել դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, նոր հանցագործությունների պատճառ հանդիսանալ՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքում նման հանցավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն, արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ գլխավոր դատախազութունից միջնորդագիր է ուղարկվել ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

  • Կիսվել: