ՔԿ-ի փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձիք են. Բաբայան
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն այսօր անդրադարձավ այն փորձաքննությանը, որը ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։
Նա նշեց, որ այդ փորձաքննությամբ ընդամենը մեկ հարց էր տրվել՝ տեսանյութում արդյո՞ք Արշակ Սրբազանն է, թե՞ ոչ։ Օրինակ, հարց չի տրվել՝ արդյո՞ք այդ տեսանյութն իրականության հետ առնչություն ունի, թե՞ ոչ, արդյո՞ք այդ տեսանյութը կեղծիք է, թե՞ ոչ։ Մենք հո չէի՞նք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի տղամարդ է, որն այդ տեսանյութի միջի տղամարդու հետ նմանություն չունի։ Մենք այլ բան ենք ասում՝ տեսանյութի բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ այդպիսի բազում տեսանյութեր եք տեսել»։
Նա ավելացրեց, որ ՔԿ-ի փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձիք են, ասում է՝ հավանաբար նույն անձիք են, սակայն ՔԿ-ն, չգիտես՝ ինչու, միշտ այդ «հավանաբար» բառը մոռանում է»։
Բաբայանը շեշտեց՝ իր համար ՔԿ-ի արածը փորձաքննություն չի։ Նա մի նկար ցույց տվեց՝ նշելով, որ 1 էջից բաղկացած ՔԿ-ի փորձաքննության կեսն այդ նկարն է. «Ի՞նչ են արել։ Տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ, ըստ իրենց, երևում է տղամարդու դեմք, ինտերնետից հանել են Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են՝ դե քիթը նման է, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, երկուսն էլ ակնոց են կրում, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ նույն անձն է»։
Սակայն, գլխավոր հարցը, ըստ Բաբայանի, արդյո՞ք տեսագրությունը կեղծ է, թե՞ ոչ, այդպես էլ չի տրվել։


