երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աշոտ Հայրապետյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աշոտ Հայրապետյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աշոտ Հայրապետյանին: Նրա կենսագրությունը ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Աշոտ Հայրապետյանը ծնվել է 1973 թվականին Երևանում: 1994 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը, ստացել իրավաբանի որակավորում:

1998-2000 թվականներին սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում՝ ստանալով միջազգայնագետի որակավորում: 2010 թվականին նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2012 թվականին՝ դոցենտի գիտական կոչում, իսկ 2023-ին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1995-2000-ին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ: 2000-2004-ին դասախոսել է, 2004-2016-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2016-2021-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2021-2022-ին եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր: 2023-ից մինչև օրս «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր է, 2024-ից մինչև օրս՝ ՀՊՏՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար:

Ավելի քան 40 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

  • Կիսվել: