ՓՊ նախագահը դիմել է արդարադատության նախարարին դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝
փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը եւ այլ դատավարական փաստաթղթերը.
դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:
Գրության մեջ նշվել է նաեւ, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստերի մասնակցությունն այս պահին թույլատրում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Մեր տեղեկություններով դատական նիստերի դահլիճներն այդպիսի համակարգերով ապահովված չեն:
Անհրաժեշտ են նաեւ տեխնիկական օժանդակության լուծումներ Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար:
Գրության պատճենն ուղարկվել է նաեւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: