շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաճառվել է ոչ թե զորամաս, այլ ՊՆ–ին ամրակցված տարածք. Սրա նպատակը Գրիգորի Խաչատուր անունն արատավորելն է. Պաշտպան

Վաճառվել է ոչ թե զորամաս, այլ ՊՆ–ին ամրակցված տարածք. Սրա նպատակը Գրիգորի Խաչատուր անունն արատավորելն է. Պաշտպան

Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ հանրությանը հրամցվում է մի քանի միֆ, դրանց հիման վրա հարուցվում է քրեական վարույթ, ընդ որում՝ գործը չակերտների մեջ պետք է առնել, որովհետև նորմալ իրավական երկրում Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ կերպ չէր կարող իրականացվել քրեական հետապդնդում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ ԱԺ-ում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ գլխավոր դատախազին ուղղվել է 12 հարց, որից 9-ի առանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը։
Փաստաբանը մեջբերեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքից մի հատված՝ «զորամասը վեր են ածել գումարի և պետական շահի տեսանկյունից դրան բացատրություն չկա»։

«Այն մարդիկ, ովքեր այս քրեական գործի շրջանակում կպնդեն, որ զորամասը վեր է ածվել գումարի, կա՛մ քրեական վարույթի փաստերից տեղյակ չեն, կա՛մ միտումնավոր  կեղծ և սուտ արտահայտություներ են անում՝ արատավորելու Գրիգորի Խաչատուրովի անունը։ Զորամաս, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, դա միֆ է, որ հրամցվում է հանրությանը։ Գլխավոր դատախազը ԱԺ-ոմ պնդել է, որ օտարվել է զորամաս, ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անունով սեփականության վկայականի պատճենը, որտեղ պարզվում է, որ որևէ զորանոց կամ զինվորների կացարան չկա։ Ինչպե՞ս հասկանանք, գլխավոր դատախազի այն պնդումը, որ դա զորամաս է եղել։ Ես առաջարկում եմ, որ նույն ԱԺ պատգամավորները, որ բողոքում են զորամասերի բացակայությունից, գնան և քնեն այնտեղ, չկա՛ այդպիսի զորամաս, ամենավատ տրամաբանությամբ էլ այդ շենքը հարմարեցված զորամաս չենք կարող անվանել»,- ասաց պաշտպանը։

Պողոսյանը պարզաբանեց, թե ինչ տարածք է այն իրականում եղել։

«Կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովը այս որոշման վաճառքի հետ, և այն հարցի հետ, թե ում են վաճառել, որևէ առնչություն չի ունեցել։ Վերջին հինգ տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված զորամասերից 71 միավոր,  այսինքն՝ դա անթույլատրելի գործարք չէ։ Կա վաճառքի ընթացակարգ, իրենք պնդում են որ այս պարագայում չի պահպանվել այդ ընթացակարգը, ոչ թե, որ իրավունք չկար այն վաճառելու»,- ասաց Պողոսյանը։

Պաշտպանը պնդեց, որ վաճառված շենքը երբևէ որպես զորմաս չի ծառայել։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել էր բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը կիրառելու դատախազի միջնորդությունը։ Խաչատուրովը կալանավորվել էր երկու ամիս ժամկետով։ Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար։

  • Կիսվել: