Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք և բենզին հափշտակելու համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Զինված ուժերի կոչումով փոխգնդապետ հրամանատար Արմեն Բ.-ի վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք և բենզին հափշտակելու մեջ:
Դատական տեղեկատվական համակարգից PrimeNews.am-ը տեղեկանում է, որ ըստ մեղադրանքի, Արմեն Բ.-ն զբաղեցնելով զորամասերից մեկի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը՝ կոչումով փոխգնդապետ, հանդիսանալով նյութական միջոցների պահպանման պատասխանատուն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձեռնմխելի պաշարից յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝9 մլն 538, 457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 19950 լիտր դիզվառելիք և 100 լիտր բենզին, իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝900 լիտր բենզին: Դրանք, ըստ աղբյուրի, հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել:
Բացի այդ, ըստ նույն մեղադրանքի տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի պահպանության տակ գտնվող ռադիոլոկացիոն կայանից մեծ քանակությամբ խրամաբջիջների հափշտակության դեպքի մասին, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ չի կատարել իր պարտականությունները և այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել, ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:
Արմեն Բ.-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Փոխգնդապետի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Նկատենք, որ նա նախկինում դատված է եղել: