ՊՆ-ի դիմաց այդ միջադեպը ընդամենը պատրվակ է եղել Արսեն Ղուկասյանին կալանավորելու համար․ պաշտպան
Ես կարծում եմ, որ ՊՆ–ի դիմաց այդ միջադեպը ընդամենը պատրվակ է եղել Արսեն Ղուկասյանին կալանավորելու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների մեկի հարազատ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
«Ես մեկ այլ քրեական գործով կրկին իրականացրել եմ Արսեն Ղուկասյանի շահերի պաշտպանությունը, որով և արդարացվել է վերջինս։ Ներկայումս էլ ես համադրելով այս իրավիճակը, ինձ համար պարզ էր, որ թերևս իշխանությունների կողմից պարբերաբար ստեղծվել են հիմքեր, որպեսզի Արսեն Ղուկասյանը կալանավորվի և առիթն էլ օգտագործելով Արսեն Ղուկասյանի տվյալ օրը էմոցիոնալ իրավիճակը վերջինիս կալանավորել են։
Նախ այդ կալանավորումը ակնհայտ ապօրինի է եղել, մասնագետները, մասնավորապես քրեական գործերով փաստաբանություն իրականացնող իրավաբանները վստահաբար կարող են փաստել այն հանգամանքը, որ ակնհայտորեն չի եղել խափանման միջոց կալանք կիրառելու անհրաժեշտություն, սակայն անձի նկատմամբ կիրառվել է կալանք։
Նա կալանավորվել է մեկ ամսով, եթե սա Արսեն Ղուկասյանին պատժելու և ճնշելու միջոց չէ, մեկ ամսվա ընթացքում այդ ի՞նչ գործողություններ պիտի իրականացվեն, որ իրավաչափության պայմանները վերանան, օրինակ փախուստի ռիսկը, որը ակնհայտ անհիմն է եղել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ընտանիք ունի Հայաստանում, ունի մշտական բնակության վայր, աշխատանք, փախուստի հիմքերը չեզոքացված են։
Ես իրականում չգիտեմ հետագայում կերկարացվի, թե չի երկարացվի կալանքի ժամկետը, բայց ակնհայտ է, որ դա եղել է վերջինիս լռեցնելու, վերջինիս ազատ խոսքը սահմանափակելու փորձ»,–ասաց նա։
Պաշտպանի խոսքով, կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները են, այնքան ակնհայտ են եղել, որ պարզապես այս հանգամանքներում, եթե նույնիսկ դատարանը գտնում էր, որ որևէ ձևով Ղուկասյանը կարող է խոչընդոտել վարույթի քննությանը, հանգիստ կարող էին տնային կալանք կիրառել. «կալանքի այդ բանտային պայմանները չեն կարող իր առողջության վրա չազդել և նման ձևով մարդկանց կյանքի որակի վրա ազդելով, դու հասկանում ես, որ քո պետության մեջ ընդամենը ինչ-որ անձանց, ինչ-որ պաշտոնյաների ցանկություններով մարդկանց նկատմամբ ուղղակի չհիմնավորված ռեպրեսիաներ են տեղի ունենում, և սա խայտառակություն է։
Ամեն օր Ազգային ժողովի ամբիոններից, կառավարական ամբիոններից, խոսում են ժողովրդավարության մասին։ Ի՞նչ ժողովրդավարություն մի երկրում, երբ անհետ կորածի հարազատը բարձրաձայնում է իր հարազատի խնդիրների հետ կապված հանգամանքների մասին, որ որևէ գործողություն չի իրականացվում տղաների մարմինները հայտնաբերելու ուղղությամբ, ու մարդկանց լռեցնելու համար ապօրինի կալանավորում են։ Ինչի՞ մասին է խոսքը։
Ես գտնում եմ, որ նման օրինակների վերաբերյալ չխոսելը և լռելը հետագայում հանգեցնելու է նրան, որ շատ ավելի շատ այս բռնաճնշումները շարունակվեն։
Մենք ունեցանք դեպք, երբ որ մեր էլի քաղբանտարկյալ անձանցից մեկը դատարանի դահլիճում մահացավ։ Ո՞վ պատասխան տվեց դրա համար, ոչ ոք։ Արսեն Ղուկասյանի դեպքում ո՞վ է պատասխան տալու, ոչ ոք»,– հայտարարեց Սողոյանը։


