երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում, ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց: Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

Ձեռք են բերվել փաստական տվյալներ ու հանգամանքներ այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը  թաքցրել է շուրջ 9,1 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է ավելի քան  2,6 մլրդ  ՀՀ դրամի վնաս։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ իրավախախտումներից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: