չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրգործ է հարուցվել

Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում 2016-ին Ոստիկանության ՊՊԾ գունդ մտած Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության հետ կապված, այս մասին «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Պավլիկ Մանուկյանը երեկ Գլխավոր դատախազության շենքի առջև մասնակցում էր բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի, որի ընթացքում հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս, Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել՝ չթաքցնելով, որ գիտակցում է, որ իրեն այդ հայտարարության համար կձերբակալեն։

  • Կիսվել: