հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաստաբանը բողոքարկել է դատավոր Նարինյանի կալանքը երկարացնելու որոշումը

Փաստաբանը բողոքարկել է դատավոր Նարինյանի կալանքը երկարացնելու որոշումը

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, որի կալանքի ժամկետը ևս երկու ամսով օրերս երկարացվեց, բողոքարկել է դատարանի կայացրած որոշումը։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։

«Գևորգ Նարինյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել», -հավելեց փաստաբանը։
Հարցին, թե ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել Նաիրինյանի մասնակցությամբ, փաստաբանն ասաց, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ իրենց մանրամասներ հայտնի չեն, բայց նաև հավելեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։

«Թե ինչու չեն իրականացվել քննչական գրոծողություններ, խնդրում եմ դիմեք այդ հարցով իրենց։ Այս գործով ոչինչ չի արվել, առերեսումներ էլ չեն արվել, բայց իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ», - նշեց նա՝ ընդգծելով, որ Նարինյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված եմղադրանքը։


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։

Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ Իսկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա տեղափոխվել էր «Վարդաշեն» ՔԿՀ։

  • Կիսվել: