ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները

Պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017 թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների օժանդակությամբ, համայնքի մշակույթի տան շենքը փլուզված լինելու և չգործելու պայմաններում, նրանցից մեկին հրամանագրել է որպես գրադարանավար, իսկ մյուսին՝ որպես ակումբավար: Վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, և նշված փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով ներկայացրել է վճարման՝ արդյունքում համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակել է նրանց անվամբ որպես աշխատավարձի գումար հատկացված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 3.248.526 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի բնակչուհիներից մեկին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Մյուս բնակչուհու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Կիսվել: