հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պարտքը վերադարձնելու համար վեճի ժամանակ բռնցքով հարվածել են պարտատիրոջ քթին. ՔԿ

Պարտքը վերադարձնելու համար վեճի ժամանակ բռնցքով հարվածել են պարտատիրոջ քթին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից վաղեմի ծանոթի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Պարզվել է, որ գործով տուժողը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 64 տարեկան, մարմնական վնասվածքներն ստացել է համաքաղաքացի իր ծանոթի հետ վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ տուժողը դեպքի օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր վաղեմի ծանոթից պարտք գումարը պահանջելու նպատակով գնացել է վերջինիս պատկանող տնակ: Խոսակցության ժամանակ նույն տնակում գտնվող տուժողի մեկ այլ ծանոթը՝ 44-ամյա համաքաղաքացին, միջամտել է նրանց խոսակցությանը, ինչը վերաճել է վիճաբանության՝ ուղեկցված փոխադարձ հայհոյանքներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 44-ամյա տղամարդը, 64-ամյա իր ծանոթի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նրան դուրս է հրավիրել բակ, որտեղ բռունցքով մեկ անգամ ուժգին հարվածել է վերջինիս քթի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս՝ ձախ ակնակապճի վերին և միջին պատերի կոտրվածքների, աջից ճակատային ծոցի առաջային պատի բեկորային կոտրվածքի, աջ ակնակապճի միջային և ստորին պատերի բեկորային կոտրվածքների, մաղոսկրի պատերի կոտրվածքների, աջից քթի ոսկրերի կողմնային բազմաբեկորային կոտրվածքների, աջից վերին ծնոտային խոռոչի հեմոսինուսի, քթի մեջքին՝ անցումով զույգ ակնակապիճների շրջանների արյունազեղման և արյունահավաքի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: