Դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է Վոլոդյա Գրիգորյանին և մյուս 2-ին ու արձակել կրակոցներ․ մանրամասնում է ՆԳՆ-ն
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում Փարաքարում կատարված սպանության դեպքից։
«Ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել»,- ասաց Սարգսյանը:
Խոսելով կասկածյալների մասին, նա ընդգծեց. «Նախնական տեղեկություններով, մեկ անձ դիմակավորված, ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել է»։
Ըստ խոսնակի՝ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, տեսախցիկներ են վերծանվում, հանրապետության մուտքեր ու ելքեր են որոշակի առումով ստուգվում։
Հարցին՝ ի՞նչ գործողություններ են տարվում հետագա արյունալի իրավիճակը կանխելու համար, քանի որ Մերձավան համայնքում սա առաջին դեպքը չէ, նաև նշվում է, որ վարկածներից մեկը վենդետան է, ՆԳՆ խոսնակն արձագանքեց. «Վաղ է որևէ մի վարկածի մասին հաստատապես այս պահին խոսել։ Քննարկվում են բոլոր առաջ քաշված վարկածները։ Որոշակի գործողություններ արվել են նախկինում այստեղ կատարված էլի հասարակական հնչողություն ստացած հանցագործությունից հետո։ Դրա մասին կարծում եմ առիթ կլինի մենք կզրուցենք, բայց վստահեցնում եմ, որ Ներքին գործերի նախարարության համար, ոստիկանության համար, մեր իրավապահ մյուս գործընկեր կառույցների համար, սա հավատացեք, որ սկզբունքային հարց է, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն։
Վստահորեն կարող եմ ասել, որ եթե պարզվի, որ եղել են հանգամանքներ, որի ընթացքում որոշ անձինք թերացել են, այսինքն հնարավոր է եղել որոշակի գործողություններով կանխել նման միջադեպերը, վստահ եղեք, որ կրելու են համապատասխան իրենց պատասխանատվությունը»։
Նա հավելեց, որ սպանված անձանց ընտանիքի անդամներն անվտանգ տեղում են այս պահին. «Ոստիկանական իմ նշած այս ծավալուն միջոցառումների շրջանակում է նաև որոշակի տեղերում, հենակետեր տեղադրել է, որպեսզի հենց այս պահին էլ որոշակի հնարավոր շարունակություններ չլինեն։ Այդ ամեն ինչը նաև այդ շրջանակում է իրականացվում»
Նշենք, որ ՆԳ նախարարը գտնվում է Վաղարշապատի բաժնում եւ ղեկավարում է սպանության բացահայտման աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։


