կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոտքով հարվածել էր որովայնին ու հայհոյել. տուժողը կանչել էր հորն ու եղբորը

Ոտքով հարվածել էր որովայնին ու հայհոյել. տուժողը կանչել էր հորն ու եղբորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդին տարիներ առաջ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես` քննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 1-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի՝ 1992 թվականին ծնված բնակիչ Վ.Ա.-ի և նույն վարչական շրջանի բնակիչ մեկ այլ՝ 1992թ. ծնված երիտասարդի միջև շենքերից մեկի բակում, դիտողություն անելու շուրջ, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս ոտքով հարվածել է Վ.Ա.-ի որովայնին ու հայհոյել:

Նույն պահին տուժողը զանգահարել ու կանչել է հորը և եղբորը, իսկ 22-ամյա երիտասարդը, տեղեկանալով, որ կատարվածի վերաբերյալ նա հայտնել է ընտանիքի անդամներին ու նրանց կանչել, ընկերների հետ հետևել է նրան՝ միջանձնային հարաբերությունները պարզելու նպատակով:

Արդյունքում պարզաբանումը  վերաճել է վիճաբանության, ինչի ընթացքում 22-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վ.Ա.-ի որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ ներքին արյունահոսությամբ զուգորդված, մեծ ճարպոնի արտանկումով, փայծաղի, հաստ աղիքի, ստամոքսի, լյարդի վնասումներով որովայնի ձախ կողմնային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: