Արմավիրում անհայտ ծագման օղի իրացրած քաղաքացու տնից հայտնաբերվել է մոտ 200 լիտր օղի
Օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Արդեն սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում թունավորված քաղաքացիների հոսպիտալացման վերաբերյալ հաղորդումներ ստացվեցին մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից։ Նախնական տվյալներով՝ շուրջ մեկ տասնյակ անձ մահացել է, կան հոսպիտալացվածներ։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ օղուց գնած անձանց հայտնաբերելու, ինչպես և վտանգավոր արտադրանքը շրջանառությունից ամբողջովին դուրս բերելու ուղղությամբ։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: