հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Բելաջիո» ռեստորանի մոտ ծառայություն իրականացնելու ժամանակ օրինական պահանջ է ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին՝ խոչընդոտ չհանդիսանալ երթևեկությանը և բացել փողոցը: Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել.

«Սակայն նշված քաղաքացիներից մեկը ձեռքերով դիտավորյալ հրել է իրեն, այնուհետև ոստիկանության կապիտանին, ով վայր է ընկել և ստացել ձախ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով:

 

Դեպքի առթիվ դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած քաղաքացին ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը, դատախազի որոշմամբ, ազատվել է արգելանքից:

2020թ. դեկտեմբերի 26-ին նշված քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: