երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նորայրը դուրսն է եղել, երբ գործը հարուցել են, իմացել է, վերադարձել ու կալանավորվել. պաշտպան

Նորայրը դուրսն է եղել, երբ գործը հարուցել են, իմացել է, վերադարձել ու կալանավորվել. պաշտպան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանում Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ իրենց բողոքի քննությունը կշարունակվի փետրվարի 11-ին:

Նա նշեց. «Պաշտպանության կողմը ներկայացրեց բողոքն ու իր դիրքորոշումները, հանդես եկավ նաեւ մեր պաշտպանյալը։ Հաջորդ նիստին կշարունակենք քննիչի ու դատախազին լսելով» ։

Աթանեսյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Փանոսյանի կալանավորումն անհիմն է: «Նորայրը կալանավորված է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի սանիկն ու ընկերն է։ Հանցագործության նշույլ այնտեղ չկա։ Նոտարական գրասենյակ գողանալու հիմար միտքը չգիտեմ՝ ով է մատուցել երկրի ղեկավարությանը, իրենք էլ տարածում են։ Մեր պաշտպանյալի արարքում նման բան չկա եւ չի կարող լինել։ Նա տուժում է, որ մեկի ընկերն է․ դա խայտառակություն է, ստանիլիզմ է։ Այդ գրասենյակները եղել են պետական, փոխանցվել են Երեւանի քաղաքապետարանին, որ աճուրդով վաճառեն, վերջ։ Ոչ մեկը ոչ մեկից չի գողացել, ՍԴ նախագահին հանելու համար՝ ցավեցնում են իր հարազատներին եւ ընկերներին»,-ասաց նա

Պաշտպանը բացառեց այն, թե Նորայր Փանոսյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացին կամ խուսափել նախաքննությունից: Նա ասաց. «Նորայրը դուրսն է եղել, երբ գործը հարուցել են, նա իմացել, վերադարձել ու կալանավորվել է»։

Նշենք, որ հունվարի 9-ին, դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

  • Կիսվել: