Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան
Հայաստանում տրամադրվող նոր կենսաչափական անձնագիրը ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթ է, այլև անձի իրավական պաշտպանության կարևոր երաշխիք։
Այս մասին կենսաչափական նոր անձնագրերի տրամադրման նոր համակարգի գործարկման վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Ներքին օգտագործման համար նույնականացման քարտը լիարժեքորեն և ամբողջ ծավալով բավարարում է անձի նույնականացման ծառայությունների մատուցման կարիքները։ Այն արժե 5950 դրամ։ Անձնագիրը սահմանահատման համար պարտադիր փաստաթուղթ է և տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու պայմանով։ Դրա արժեքը 28 հազար 650 դրամ է»,- նշեց նա՝ հավելելով, որ նոր անձնագրի կարևոր առավելություններից է միջազգային ստանդարտներին համապատասխանող էկոհամակարգը, որի շրջանակում տվյալների կենտրոնից մինչև արտադրություն, նվազագույնի են հասցվում կեղծման հնարավորությունները։
«Անձի իրավական պաշտպանության մասին է այս անձնագիրը։ Նախկին համակարգն ամբողջությամբ հիմնված էր մարդկային գործոնի վրա, ինչի պատճառով նախապատրաստական փուլում բնակչության պետական ռեգիստրում բազմաթիվ ոչ ճշգրիտ տվյալներ ենք հայտնաբերել։ Նոր համակարգի կարևորագույն արժեքն այն է, որ անձի իրավական ինքնության հաստատումը, նույնականացումն ու փոխճանաչելիությունը ողջ աշխարհում երաշխավորվում են միջազգային ստանդարտներով։ Սա մեր գնահատականը չէ. ամեն ինչ արված է ստանդարտներին համապատասխան»,- նշեց Դավթյանը՝ տեղեկացնելով, որ անապահովության 130 և ավելի միավոր ունեցող քաղաքացիները նույնականացման քարտը կստանան անվճար։ Անձնագրի դեպքում նման արտոնություն նախատեսված չէ։ Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի համակարգն ավտոմատ կերպով ճանաչի այդ քաղաքացիներին։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ նախագրանցման ժամանակ հաստատման կոճակը սեղմելուց հետո քաղաքացին պետք է էլեկտրոնային փոստով ծանուցում ստանա QR կոդի տեսքով։ Սակայն երբեմն կոդի տրամադրումը ուշանում է, քանի որ համակարգում տվյալները ձեռքով ստուգվում են։
«Տվյալները համեմատվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Դեռևս չի եղել դեպք, երբ քաղաքացին իր սպասարկման ժամից առաջ չստանա այդ կոդը։ Խնդիր ունենք քաղաքացիներին տեղեկացնելու, որ կոդը չպետք է սպասեն ստանալ անմիջապես, այլ՝ մինչև սպասարկման պահը»,- ասաց նա։
«ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն էլ, անդրադառնալով զանգերի կենտրոնի գործունեությանը, նշեց, որ այս պահին աշխատակիցները գերծանրաբեռնված են։ Նրա խոսքով՝ նախատեսվում է համալրել թիմը նոր աշխատակիցներով՝ զանգերին պատշաճ կերպով պատասխանելու համար։
«Միաժամանակ քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվում սպասարկման կենտրոններում»,-նշեց նա։



