ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով կա 32 մեղադրյալ

32 մեղադրյալ՝ մեկ գործում: Քննչական կոմիտեն մի քանի ամիս է՝ ուսումնասիրում է Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության միջադեպը: 2021-ի ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցը ընդհատվեց Ագարակում և Մեղրիում: Քննությամբ պարզվել է, որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և նրա տեղակալ Արմեն Սամվելյանը խուլիգանություն են կազմակերպել:

"Խուլիգանության մասնակիցները, որոնք եղել են մի քանի տասնյակ, և բոլորը փոխկապակցված են եղել Մխիթար Զաքարյանի հետ, սկսել են խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ՝ խաթարել են հասարակական կարգը, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության, այսինքն՝ հասարակական կարգը պահպանող աշխատակիցների օրինական պահանջներին:

Քննիչի խոսքով՝ խուլիգանության բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտելն էր",- այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գագիկ Առաքելյանը:

Քննության ընթացքում պարզվել է, որ խուլիգանության մասնակից անձանց բացառապես ճնշող մեծամասնությունը հանդիսացել են Մխիթար Զաքարյանի մտերիմ անձինք, որոնք եղել են կա՛մ ընկերներ, կա՛մ մտերիմ անձինք, որոնք պատկերված են այս հատվածում, ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձինք են եղել, որոնք առնչվել են նրա բիզնեսների հետ, եղել են հարազատներ և մտերիմներ, ինչպես նաև ծառայողական կախվածության մեջ գտնվող անձինք:

Ըստ քննչական կոմիտեի՝ տեղաշարժը խոչընդոտելուց բացի՝ խուլիգանության մասնակիցները հայհոյել են նաև այն քաղաքացիներին, որոնք մոտեցել և զրուցել են վարչապետի հետ: Որոշ ժամանակ անց հայհոյանքներին ավելացել են ֆիզիկական ճնշումները:

Մեղրի ու Ագարակ քաղաքների խուլիգանության դեպքով 32 մեղադրյալից 27-ի գործն առանձնացվել է բուն նյութից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն՝ հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Մյուս 5 մեղադրյալի՝ այդ թվում Մխիթար Զաքարյանի վերաբերյալ նախաքննությունը դեռ շարունակվում է:

 

  • Կիսվել: