հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ՆԳ փոխնախարարն ու ընտրական հարցերով միջազգային փորձագետը քննարկել են համապետական ընտրությունների անցկացման հարցեր

ՆԳ փոխնախարարն ու ընտրական հարցերով միջազգային փորձագետը քննարկել են համապետական ընտրությունների անցկացման հարցեր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը օրերս ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) փորձագետ Ռոնան Մաքդերմոտին:
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և հանձնաժողովի այլ ներկայացուցիչներ։
 
Արմեն Ղազարյանը ներկայացրել է քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման, բնակչության պետական ռեգիստրի վարման, հավաքված տվյալները ընտրողների ռեգիստր փոխանցելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրելու կարգի վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվել են բնակչության պետական ռեգիստրում անհատական տվյալների մշակման, ինչպես նաև քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման, դրանց կիրառության ժամկետների վերաբերյալ հարցեր։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համապետական ընտրությունների անցկացման, ընտրացուցակների ճշգրտման, ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումների կիրառման և մի շարք այլ հարցերի։

 

  • Կիսվել: