Նախագիծը վերաբերում է ոչ թե հայհոյանքի հետ կապված տուգանքների սահմանմանը, այլ ատելության խոսքի դեմ պայքարին. Գալյան
Մշակվում է ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ, այն դեռ շրջանառության մեջ չի դրվել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12–ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նրա, նախաձեռնությունը վերաբերում է ոչ թե հայհոյանքի հետ կապված տուգանքների սահմանմանը, այլ ատելության խոսքի դեմ պայքարին։
«Նախագծի հիմնական մեխն ատելության խոսքի համար ոչ նյութական վնասի հատուցման պահանջ նախատեսելն է, այսինքն քաղաքացիների համար հնարավորություն նախատեսել, որպեսզի ատելության խոսքի դեմ բախվելու դեպքում հնարավորություն ունենան դիմել քաղաքացիական դատարան և պահանջել ոչ նյութական վնասի բավարարում, որը կարող է ունենալ նաև դրամական արտահայտություն այնպես, ինչպես վիրավորանքի, զրպարտության դեպքերում։
Ինչ վերաբերում է ատելության խոսքը վարչական իրավախախտում համարելուն, այս մասով, դեռևս քննարկումներ են տեղի ունենալու կառավարությունում, կդրվի հանրային քննարկման»,- ասաց Ս.Գալյանը


