շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նաիրի Հունանյանի նամակները ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել․ արդարադատության նախկին նախարար

Նաիրի Հունանյանի նամակները ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել․ արդարադատության նախկին նախարար

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անրադարձել է պատգամավոր Արման Բաբաջանյանի “հոկտեմբերի 27” գործով ցմահ ազատազարկման դատապարտված Նաիրի Հունանյանին օրերս այցելելու փաստին,   թեև իր հրապարակման մեջ Դանիելյանը ուղղակիորեն չի հիշատակել Բաբաջանյանի անունը։   

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Դանիելյանը մասնավորապես նշել է․ «Իրավասու չեմ հրապարակելու այն դիմումների բովանդակությունը, որոնցով պարբերաբար տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ դրանք ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել, թեպետ՝ բազում անգամ, պաշտոնի բերումով, այցելել եմ «Երևան» ՔԿՀ: Լիահույս եմ, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ նրա դիմումը քննարկելիս և, ընդհանրապես՝ նրա «ադեկվատության», մասնավորապես իր արարքի ու իր անձի մասին սեփական մտածումների առնչությամբ համարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից, իրավասու պաշտոնյաները կուսումնասիրեն նաև հիշյալ և նրա այլ դիմումները:

Հ.Գ. Լրագրողներին նախապես խնդրում եմ ելակետ ընդունել, որ որևէ «լրացուցիչ» տեղեկատվություն չեմ պատրաստվում հայտնել ....»

Նշենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն այցելել էր Նաիրի Հունանյանին, նրա հետ 2 ժամ շփվել, հետո ասել, որ Հունանյանը շատ ադեկվատ վիճակում է, շատ ավելի ադեկվատ, քան նրան ոչ ադեկվատության մեջ մեղադրողները։

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանն այն ահաբեկչական խմբավորման ղեկավարն էր, որը 1999 թ. հոկտեմբերի 27-ին մտավ խորհրդարան և գնդակահարեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ընդհանուր առմամբ՝ 10 հոգու՝ պատգամավորներ, նախարար։

Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս դիմել է պայմանական, վաղաժամկետ ազատ արձակման համար։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, նշել է, որ Հունանյանի ազատ արձակման համար նախադրյալներ գրեթե չկան։

 

 

 

  • Կիսվել: