ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Այս մասին ասված է Դատական-տեղեկատվական համակարգում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նաիրի Հոխիկյանը այս տարվա մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից վճիռ կայացնելուց հետո, վիրավորել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին, վերջինիս անվանելով իշխանության պատվեր կատարող եւ նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր: Դատավոր Էդգար Հովհաննիսյանին վիրավորելով, ով մարմնավորում է արդարադատությունը, հիշյալ քաղաքացիական գործով հանդես է եկել որպես դատարան, արդարադատության հեղինակության դեմ ուղղված գործողություններ կատարելով, Ն.Հոխիկյանը դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 489-րդ հոդվածի 2-րդ մասի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) հատկանիշներով:

Հոխիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու մասին արգելքը:

Գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին:

  • Կիսվել: