ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է․ Որոշումը կբողոքարկվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է․ Որոշումը կբողոքարկվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ 

Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աղվան Հովսեփյանը ծննդով ապարանցի է։ Պայքարելու կամքը ժառանգել է արյամբ։ Ոչ ոք չմտածի թե նա ընկճվելու է։ Ընդհակառակն։ Շատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը։

Ինչ վերաբերվում է կալանքի «հրամանագրին» (դրան որոշում անվանելը սազական չէ), ապա այն բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով»,-գրել է նա։

Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման համար։

Չնայած գործը հարուցվել էր շուրջ 1,5 տարի առաջ, սակայն այդ ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել որեւէ ապացույց գտնել՝ մեղադրանք առաջադրելու համար։ Գործը նոր ընթացք է ստացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ ի հայտ են եկել կասկածելի անցյալ ունեցող երկու անձ ու տվել իշխանությունների համար ցանկալի ցուցմունք, որն էլ դրվել է Ա. Հովսեփյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքները որեւէ աղերս չունեն իրականության ու իրավաբանության հետ եւ Աղվան Հովսեփյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:

Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում»,- հայտնել էին ՀՔԾ-ից։

  • Կիսվել: